Բաժին. Ֆինանսական

Հայաստանի Ֆոնդային Բորսա / AMX. 2021-ի երրորդ եռամսյակն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի 2021 թ․-ի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալները 2019-2020 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։

Պետական պարտատոմսերի առևտրի ընդհանուր ծավալը 3-րդ եռամսյակում կազմել է ավելի քան 24 մլրդ դրամ՝ 2019-ի համեմատ գրանցելով 46%, իսկ 2020-ի համեմատ՝ 183% աճ։ Կնքվել է պետական պարտատոմսերով 115 գործարք։

Պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատում է 1,1 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 28%-ով։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի 3-րդ եռամսյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 489 մլրդ դրամ, որը 19%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Առևտրի ծավալը 2019 և 2020 թթ․-ի 3-րդ եռամսյակների համեմատ աճել է ավելի քան երկու անգամ՝ անցնելով 15 մլրդ դրամի շեմը։ Գործարքների քանակը նույնպես աճել է շուրջ 91%-ով, իսկ միջին ծավալը՝ 31%-ով։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 116-ի։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում է 11 մլրդ դրամ, որը գերազանցում է 2020 թ․-ի 3-րդ եռամսյակի ցուցանիշները 50%-ով, իսկ 2019 թ․-ի ցուցանիշները՝ ավելի քան 3 անգամ։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը 3-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 234 մլն դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 7%-ով՝ հասնելով 159 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 3 անգամ՝ հասնելով 44-ի։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Share