Բաժին. Ֆինանսական

Դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկում ԵՊՀ-ում Կենտրոնական Բանկի ներկայացուցիչների հետ

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը, Կենտրոնական բանկի ու ֆակուլտետի ուսանողներ:

Մասնակիցներին նախ ողջունեց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Կենտրոնական բանկի համագործակցության շնորհիվ ներկաներն այս անգամ էլ հնարավորություն ունեն ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հասմիկ Ղահրամանյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման օրակարգը, որը վերաբերում էր Կենտրոնական բանկի երկու հիմնական նպատակների իրականացման գործընթացին՝ գների կայունության և ֆինանսական կայունության ապահովմանը:

Այնուհետև Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Հայկ Ավետիսյանն անդրադարձավ դրամավարկային քաղաքականության ծրագրին. «Այս ծրագիրն արտացոլում է մեր պատկերացումներն ու դատողությունները թե՛ ներքին տնտեսության, թե՛ արտաքին աշխարհի վերաբերյալ, որի հիման վրա կառուցվում է ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը»:

Նա խոսեց Հայաստանում դրամավարկային քաղաքականության և ֆինանսական կայունության ընթացիկ միտումների մասին, ներկայացրեց ամբողջ աշխարհում ու Հայաստանում համավարակի ստեղծած տնտեսական մարտահրավերները:

Բանախոսն անդրադարձավ 2020 թ. մարտահրավերների պայմաններում մակրոտնտեսական միջավայրի յուրահատկություններին, ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում իրականացված մակրոպրուդենցիալ քաղաքականության առանձնահատկություններին:

Հանդիպման վերջում ներկայացվեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, որից հետո տեղի ունեցավ հարցուպատասխան:

Share