Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 1.99%-ով

Հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ) զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 7-րդ հորիզոնականը։ Ընկերությունը մուծել է 13.04 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 29.67%-ով կամ 2.98 մլրդ դրամով։

Յուքոմը (Ucom) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 12-րդ հորիզոնականը։ 2021թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը մուծել է 8.62 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 56.73%-ով կամ 3.12 մլրդ դրամով։

31-րդ հորիզոնականում ՏԵԼԵԿՈՄ Արմենիան (Beeline) է: Ընկերությունը մուծել է 4.05 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 62.86%-ով կամ 6.85 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 113-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.40 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 16.89%-ով կամ 0.20 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 27.11 մլրդ դրամ հարկ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.55 մլրդ դրամով կամ 1.99%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3.11%-ը։ 2019թ.-ի համանման ցուցանիշը 3.49% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 21/10/21 դրությամբ՝ 476.47 դրամ), ապա հեռահաղորդակցության ոլորտի առաջատարների կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 56.90 մլն դոլար։

Share