Բաժին. Ֆինանսական

ԲՏԱ նախարարության բյուջեն կավելանա մոտ 90%-ով

Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացնել 26.9 տոկոսով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 31.6 տոկոսով, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ 89.4 տոկոսով:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարը՝ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված ունենք 17 մլրդ 278 մլն դրամ, որը 2021-ի 9 մլրդ 123 մլն դրամի նկատմամբ  ավելի է 8 մլրդ 155 մլն դրամով, կամ աճը կազմում է 89.4 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք բյուջեին՝ նա ասաց, որ ներկայացված է 13 ծրագիր, որում ընդգրկում են 56 միջոցառումներ: «Ընդհանուր առմամբ ունենք 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված 41 մլրդ 8 մլն դրամ ծախսեր, որոնք 2021-ին հաստատված 32 մլրդ 319 մլն դրամի նկատմամբ ավել են 26.9 տոկոսով կամ 8 մլրդ 689 մլն դրամով»,- ասաց Ֆինանսների նախարարը:

Նա հավելեց՝ 2021-ին նախարարության գծով պետբյուջեի ծախսերը ենթարկվել են պարբերական ճշտումների և ավելացումների՝ պայմանավորված իրականացվող ծրագրերի ծավալային փոփոխություններով: Այս պահին 2021-ի համար ճշտված բյուջեով նախարարության գծով կան 39 մլրդ 177 մլն դրամի նախատեսված ծախսեր:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված է 22 ծրագիր, որոնք ընդգրկում են 129 միջոցառում: Պետբյուջեի նախագծով նախարարության համար նախատեսված են 278 մլրդ 590 մլն դրամի չափով ծախսեր, 2021-ին պետբյուջեի մասին օրենքով հաստատված է եղել 211 մլրդ 667 մլրդ դրամ, աճը 2021-ի նկատմամբ կազմում է 66 մլրդ 922 մլն դրամ կամ 31.6 տոկոս: Խաչատրյանը նշեց՝ 2022-ի բյուջեն առանձնահատուկ է հատկապես ենթակառուցվածքային ներդրումների ուղղությամբ զգալի ավելացող ծավալներով իրականացվող ծրագրերով: Աճը կազմում է 31.6 տոկոս:

Share