Ֆինանսական

Նախատեսվում են կանխիկ գործարքների սահմանափակումներ

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել կանխիկ եղանակով գործառնությունների իրականացման սահմանափակումներ. տնտեսավարողն իրավունք չի ունենա մերժելու անկանխիկով վճարում կատարելու հաճախորդի պահանջը:

Այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Անկանխիկ գործառնությունների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

«Հիմնական գաղափարը հետևյալն է՝ ցանկացած տնտեսավարող իրավունք չունի մերժելու անկանխիկ վճարում իրականացնելու հաճախորդի պահանջը՝ ծառայությունների կամ ապրանքի դիմաց»,-ասաց Աբրահամյանը:

Սահմանափակումներ են դրվում կանխիկով գործառնություններ իրականացնելու հետ կապված: «Ֆիքսել ենք, որ իրավաբանական անձանց միջև կանխիկով գործառնություններ չպետք է լինեն: Այս պահին արդեն կանխիկով գործառնությունները նպատակահարմար չեն «Business to business» հարաբերությունների մեջ իրավաբանական անձանց միջև: Երկրորդը՝ բիզնեսի կամ իրավաբանական անձանց և ֆիզիկական  անձանց միջև իրավահարաբերություններն են: Այստեղ սահմանվել է 300 հազար դրամի շեմ: Այս շեմը գործում է բոլոր ֆիզիկական անձանց առնչվող ցանկացած գործառնությունների պարագայում: Մինչև 300 հազար դրամը կանխիկով գործառնությունները թույլատրելի են, կարող են իրականացնել, 300 հազարից բարձր գործարքները իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև պետք է լինեն անկանխիկ»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:

Կան որոշակի բացառություններ՝ կապված պետական և տեղական ինքնակառավարման բյուջեներից կատարվող ցանկացած վճարումների մասով, որոնք պետք է բացառապես անկանխիկ լինեն, օրինակ՝ կրթաթոշակները, ներկայացուցչական ծախսերը, գործուղման նպատակով ծախսերը: Աշխատավարձերը պետք է վճարվեն անկանխիկ: Ապահովագրական հատուցումները ևս պետք է բացառապես լինեն անկանխիկ:

«Գրավատների կողմից տրամադրվող վարկերի պարագայում սահմանվել է 20 հազար դրամի շեմ: Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը, փոխառությունները կրկին բացառապես անկանխիկ եղանակով պետք է լինեն»,-ասաց նա:

Ֆիզիկական անձանց և իրավաբանական անձանց հարաբերություններում զրոյական շեմ է սահմանվել մի շարք ոլորտներում: Նախատեսվում է փաստաբանների և նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները դարձնել բացառապես անկանխիկ: Զրոյական շեմ է նախատեսված նաև կրթական հաստատություններում, բժշկական հաստատություններում կատարվող վճարումների մասով: Իսկ ֆիզիկական անձանց միջև գործարքների համար կա 500 հազար դրամի շեմ և 300 հազար դրամի շեմ:

Նախագծերի փաթեթը քվեարկությամբ  ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Share