Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2021 թ. նոյեմբերի 2-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն

2021թ. նոյեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 7.25%:

2021թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 8.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս սեպտեմբերին ցուցաբերել է կայուն վարքագիծ՝ պահպանվելով 8.0% մակարդակում։

Արտաքին աշխարհում, չնայած կորոնավիրուսի նոր տեսակի բավականին արագ տեմպերով տարածմանը, պատվաստանյութերի ակտիվ կիրառման և խիստ սահմանափակումներից հնարավորինս խուսափելու պայմաններում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնումը: Պահանջարկի դրական զարգացումների ֆոնին հիմնականում առաջարկը սահմանափակող գործոններով պայմանավորված, հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտացոլվում է նաև գործընկեր երկրների ներքին գնաճերի արագացման վարքագծում: Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը պահպանվում է:

ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղի ակնկալվող դանդաղմամբ:

Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը` արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների և մասնավոր խնայողությունների նվազման հետևանքով: Այս պարագայում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ
արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռևս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը: Միևնույն ժամանակ, հասարակության գնաճային սպասումները դրսևորում են կայունացման նշաններ:

Չնայած արտաքին հատվածում և ՀՀ տնտեսությունում գնաճային ազդեցությունների պահպանմանը, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարեվերջից դրամավարկային պայմանների` ապագային միտված և հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ: Ուստի, Խորհուրդը նպատակահարմար է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայումս թողնել անփոփոխ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում,
այնուհետև 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռևս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը
կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Share