Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյանն ԱԺ-ում ներկայացրեց 2022թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը

ՀՀ կենտրոնական բանկը կառավարության ներկայացրած 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը որակում է որպես բավականին հավակնոտ, ըստ ԿԲ-ի՝ կլինի պարտքի բեռի որոշակի նվազում: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում՝ ներկայացնելով 2022 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությանը:

«Ընդհանուր գնահատմամբ, կարելի է ասել, որ 2022-ի պետբյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է, կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում»,-ասաց Գալստյանն ու հիշեցրեց, որ 2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ:

Նա նկատեց՝ 2022 թվականի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև ՝տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը:

«2022 թվականին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը` պայմանավորված թե ներքին, թե արտաքին պահանջարկի աճերով: Ընդ որում, ի տարբերություն 2021 թվականի, ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության շրջանակներում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով»,-ասաց Գալստյանը:

Տնտեսության վերականգնման ու հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման արդյունքում 2022 թվականին ակնկալվում է, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը էական` 0,9 տոկոսային կետ աճ կունենա, որի պայմաններում պետական բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: «Մյուս կողմից՝ 2022 թվականի պետական ծախսային քաղաքականությունն ուղղված կլինի աճի խթանմանը՝ թիրախավորելով պետական ներդրումների մասնաբաժնի էական ավելացումը և ծախսերի արդյունավետության կառավարումը՝ միաժամանակ վերադարձ կատարելով սահմանված հարկաբյուջետային կանոններին»,-ասաց ԿԲ նախագահն ու կարևորեց կապիտալ ներդրումների ծրագրված ցուցանիշի կատարողականի ապահովումը:

Հարկերի զսպող ու ծախսերի ընդլայնող ազդեցության ներքո 2022 թվականին նախանշվում է պետական բյուջեի պակասուրդի կրճատում`ՀՆԱ-ի նկատմամբ 1,6 տոկոսային կետով: «Մեր գնահատականների համաձայն` այն կկազմի 3,1 տոկոս, կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ 0,7 տոկոսային կետով, որը կկազմի 60,2 տոկոս»,-ասաց նա:

Ըստ Գալստյանի՝ սակայն կապիտալ ներդրումների ծրագրի լիարժեք իրականացման, դրանց արդյունավետության, մասնավոր ներդրումների խթանման գործողությունների հետ կապված խնդիրների դեպքում կարող են էական ռիսկեր առաջանալ՝ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի, պարտքի և հարկաբյուջետային կայունության տեսանկյունից: «Գնահատվում է, որ 2022-ի պետբյուջեի նախագծով նախանշված սահուն կոնսոլիդացիայի վարքագիծը և սահմանված հարկաբյուջետային կանոնների պահպանումը կնպաստեն ՀՀ պետական պարտքի բեռի նվազեցմանը և մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,-ընդգծեց նա:

Share