Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան կորպորատիվ պարտատոմսերի ինդեքսներն արդեն հասանելի են AMX-Հայաստանի ֆոնդային բորսայի պաշտոնական կայքում

Հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ Հայաստանի ֆոնդային բորսան մշակել և տարածաշրջանում առաջին անգամ ներդրել է  կորպորատիվ պարտատոմսերի բորսայական ինդեքսներ, որոնց գները ամենօրյա կտրվածքով հաշվարկվում և հրապարակվում են AMX-ի պաշտոնական կայքում։

Ինդեքսները կարող են կիրառվել ներդրողների կողմից պարտատոմսերի շուկայի ընդհանուր պատկերի մասին տեղեկություն ստանալու նպատակով, ռիսկերի և պորտֆելի վերլուծությունների ժամանակ, ֆոնդերի կատարողականները գնահատելիս, ինչպես նաև՝ այլ շուկաների համանման գործիքների հետ համեմատական վերլուծություններ իրականացնելիս։

Բորսան նախատեսել է հաշվարկել և հրապարակել 4 ինդեքսների տվյալներ՝ AMX C3YBI_AMD ու AMX C3YBI_USD, որոնք արտահայտում են 1-ից մինչև 3 տարի մարման ժամկետայնություն ունեցող, ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով թողարկված արժեկտրոնային պարտատոմսերի ցուցանիշները, AMX CBMI_AMD ու AMX CBMI_USD, որոնք արտահայտում են 1 տարի և ավելի մարման ժամկետայնություն ունեցող, ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով թողարկված արժեկտրոնային պարտատոմսերի ցուցանիշները: Ներկայումս հաշվարկվում և հրապարակվում են 3 ինդեքսների տվյալներ, չորրորդ (AMX CBMI_AMD) ինդեքսի հաշվարկները կմեկնարկեն 3 տարուց ավելի մարման ժամկետ ունեցող դրամային պարտատոմսերի տեսակարար կշռի բավարար մեծացման դեպքում։

Այժմ ինդեքսների հաշվարկային բազաներում ներառված են «Abond» և «Bbond» ցուցակներում ընդգրկված ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով թողարկված արժեկտրոնային պարտատոմսերը, ինչպես նաև հաստատուն արժեկտրոնով, 500 000 000 ՀՀ դրամ և ավելի ցուցակման ծավալ ունեցող արժեկտրոնային պարտատոմսերը և 1 000 000 ԱՄՆ դոլար և ավելի ցուցակման ծավալ ունեցող արժեկտրոնային պարտատոմսերը։ Ինդեքսների տվյալները թարմացվում են առևտրային նստաշրջանների ավարտից հետո 45 րոպեների ընթացքում։

«Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից  ինդեքսների մշակումը առաջընթաց քայլ է հայաստանյան արժեթղթերի շուկայում, ինչին մեծապես նպաստեց վերջին 3 տարիներին Բորսայում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի թե՛ թողարկումների, թե՛  դրանցով իրականացված բորսայական առևտրի ծավալների տպավորիչ աճը։ Ինդեքսները հիմնականում հանդես են գալիս որպես երկրի ֆինանսական շուկայի և տնտեսական ակտիվության ցուցանիշ, որոնց օգնությամբ հնարավոր է ուսումնասիրել այնպիսի  կարևորագույն ցուցանիշներ, ինչպիսիք են շուկայի միջին կշռված տոկոսադրույքները, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ուղենիշ այլ տոկոսադրույքերի ձևավորման համար։ Արժեթղթերի կարգավորվորվող շուկայի հետագա զարգացմամբ պայմանավորված՝ նաև նախատեսվում է մշակել բաժնետոմսերի ինդեքսներ, պարտատոմսերի ու բաժնետոմսերի ճյուղային ինդեքսներ, նոր արժույթներով և ժամկետայնությամբ ինդեքսներ»,- ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Կայքում հրապարակվում են ինդեքսների տվյալները՝ գրաֆիկական և թվային արտահայտությամբ, ինդեքսների հաշվարկային բազաներում ներառված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունները և դյուրացիաները, ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը և այլ վերլուծական նյութեր։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Share