Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 9-ին հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը դիտարկվել են բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները: ՊԵԿ ղեկավար կազմը, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով, պատրաստակամություն է հայտնել երկկողմ,  24 ժամյա ռեժիմով կապ պահպանել իրանցի գործընկերների հետ: Այդ նպատակով կողմերը կփոխանակվեն համապատասխան ստորաբաժանումների կոնտակտային տվյալներով։

Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել են նաև «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակը, էլեկտրոնային միջավայրում հայտարարագրման ամբողջական գործընթացը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող նորարարական գործիքակազմը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների (Big Data) անալիտիկ հաշվետվությունների համակարգին, իրական միջավայրում ցուցադրվել են  սահմանային անցման ժամանակահատվածի հսկողության, մաքսային հսկողության ընթացակարգերի մշտադիտարկման և հաշվետվողական այլ համակարգեր։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ հարթակներում ակտիվ քննարկումներ ծավալել գործակցության ծրագրերի վերաբերյալ:

 

 

Share