Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ֆոնդային բորսա. 2021թ․ նոյեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի 2021 թ․-ի նոյեմբեր ամսվա ամփոփ տվյալները 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 28․4 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը նոյեմբերին կազմել է ավելի քան 4․6  մլրդ ՀՀ դրամ՝ 2020 թ․-ի նոյեմբերի համեմատ գրանցելով 116% աճ: Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 24 գործարք։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի նոյեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 493 մլրդ դրամ, որը 10%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2020 թ․-ի նոյեմբերի համեմատ աճել է 81%-ով՝ հատելով 5.4 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 228 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 105-ի։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, որը գերազանցում է 2020 թ․-ի նոյեմբերի համապատասխան  ցուցանիշը 4%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 32 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ աճել է 25%-ով՝ հասնելով 169 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 21 գործարք։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում։

Share