Բաժին. Ֆինանսական

Կխթանվի կապիտալի շուկաների զարգացումը և տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացել Էկոնոմիկայի նախարարությանը: Հիմնավորման համաձայն՝ Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ՀՀ-ի կողմից փայերի ձեռքբերում «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ում: Ծրագրի շրջանակներում «Ամբեր Կապիտալ» ՓԲԸ-ն ծանուցել է «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ի փայերին բաժանորդագրման մասին՝ ընդհանուր 59,914.0 հազ. ՀՀ դրամ արժեքով, որի վճարումն անհրաժեշտ է իրականացնել մինչև 2021թ. դեկտեմբերի 29-ը: Նշված գումարը «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդ»-ի կողմից ներդրվելու է սննդի վերամշակման (հյութեր և պահածոներ) առաջատար «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում։ Վերջինիս հետ ներդրումային պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերին և ընդհանուր ներդրումը կազմելու է 2.1-2.8 միլիոն ԱՄՆ դոլար։ Ըստ այդմ անհրաժեշտ է Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ միջոցառմամբ ներգրավել 59 914 000 ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ: Արդյունքում՝ ՀՀ տնտեսության համար վերը նշվածը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես նաև կնպաստի այլ ներդրողների ներգրավմանը, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցների ՀՀ տնտեսության մեջ ընդգրկելուն։ Ակնկալվում է նաև, որ ներդրումը կխթանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառումը և կապիտալի շուկաների զարգացումը:

Գործադիրը հավանություն է տվել «Նոր փրոջեկտս» ՍՊԸ-ի ներկայացրած գործարար ծրագրին: Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին և զբաղվում է խանութների համար նախատեսված կահույքի արտադրությամբ: Ընկերությունը հանդիսանում է Կարպիզա, Ջեոքս և Հենդերսոն համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարարը՝ ԵՄ-ում, ԱՊՀ-ում, Միջին Արևելքում և ասիական երկրներում: Արդեն իսկ իրականացվել է 235 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, որի արդյունքում ստեղծվել է անհրաժեշտ արդի սարքավորումներով հագեցած կահույքի արտադրամաս և 70 աշխատատեղ՝ 342,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ և շրջանառու միջոցների ձեռքբերման համար նախատեսված ներդրում և մինչև 2026 թ. ստեղծել 286 նոր աշխատատեղ։

Share