Ֆինանսական

Ճապոնիան ընդունել Է պետբյուջեի նախագիծը՝ պաշտպանության համար ռեկորդային հատկացումներով

Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 24-ին ընդունել է 2022 ֆինանսական տարվա (սկսվում է ապրիլի 1-ին) պետական բյուջեի նախագիծը՝ 107,59 տրիլիո իեն (շուրջ 940,7 միլիարդ դոլար) ռեկորդային ծախսային մասնով, որը ենթադրում է նաեւ պաշտպանության հատկացումների ավելացում: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:

Ծախսերի ծավալն ընթացիկ բյուջեի համանման ցուցանիշը կգերազանցի 1 տրիլիոն իենով (8,7 միլիարդ դոլարով) եւ կդառնա ամենաբարձրը երկրի ամբողջ պատմության ընթացքում: Բյուջեն կազմվել է այն հաշվարկով, որ գանձարանը հարկային մուտքերն ստանա ավելի քան 65 տրիլիոն իեն (567 միլիարդ դոլար) ծավալով: Պակասուրդի փոխհատուցման համար նախարարների կաբինետը կթողարկի մոտավորապես 40 տրիլիոն իեն (349 միլիարդ դոլար) ընդհանուր գումարի պետական պարտատոմսեր:

Բյուջետային ծախսերի շուրջ մեկ երրորդը կհատկացվի սոցիալական կարիքներին եւ առողջապահությանը՝ բնակչության աստիճանական ծերացման կապակցությամբ: Այդ նպատակների համար կառավարությունը կտրամադրի շուրջ 36,2 տրիլիոն իեն (ավելի քան 316 միլիարդ դոլար): Նաեւ ընթացիկ տարվա համեմատությամբ մոտավորապես 50 միլիարդ իենով ենթադրվում է ավելացնել պաշտպանության ծախսերը: Արդյունքում դրանք կկազմեն 5,37 տրիլիոն իեն (46,9 միլիարդ դոլար) եւ կդառնան ռեկորդային բարձր: Միջոցներն, ինչպես սպասվում է, կօգտագործվեն նոր սպառազինությունների գնման, մասնավորապես, հակահրթիռային պաշտպանության ամրապնդման համար:

Բացի դրանից, Ճապոնիան պետք է կառուցի երկու նոր նավ՝ Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգերով եւ փող հատկացնի հաջորդ սերնդի կործանիչի մշակմանը՝ Ինքնապաշտպանության ուժերի կարիքների համար, որն սպառազինության կընդունեն մոտավորապես 2035 թվականին: Փաստաթուղթը հաստատման կհանձնվի խորհրդարան: Բյուջեի նախագծի քննարկումն այնտեղ կսկսվի հունվարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Share