Բաժին. Ֆինանսական

Ռուստամ Բադասյան. 2021թ.-ին պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումը գերակատարվել է 146 մլրդ դրամով

Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 մլրդ դրամ: Այս թիվը ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 մլրդ-ով: Այսինքն՝ եկամտային հատվածը եղել է 1 տրիլիոն 586 մլրդ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Նշված ցուցանիշը դեկտեմբերի 30-ի դրությամբ է, այսօր ևս ակնկալվում են մուտքեր: Մենք այս տարի 2020 թվականի նկատմամբ ավել հավաքագրում ենք ունեցել 14.5, 2019 թվականի համեմատ՝ 8.3 տոկոսով», – ասաց Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ վերադարձի ցուցանիշների մասով ևս դրական դինամիկա կա: Նրա բնորոշմամբ, այս տարվա համար այդ ցուցանիշները ռեկորդային են:

«Մենք հարկ վճարողներին վերադարձրել ենք 182 մլրդ դրամ, դա ԱԱՀ-ի գծով է հիմնականում: Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 մլրդ: Այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի 185 մլրդ դրամ: 2019 թվականին 180 մլրդ էինք վերադարձրել, 2020 թվականին՝ 140 մլրդ: 2020 թվականի համեմատ այս ցուցանիշը 30.1 տոկոսով է ավել, 2019 թվականի համեմատ՝ 1 տոկոսով»,-հավելեց Ռուստամ Բադասյանը:

 

Share