Ֆինանսական

Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ անցկացվող «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով ամենամյա մրցույթն այս տարի ընդլայնում է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն ընձեռելով մրցույթին մասնակցել ոչ միայն լրագրողական համայնքի գործընկերներին, այլ նաև վերլուծաբան-հետազոտողներին (վերլուծական-հետազոտական կենտրոններին) և գիտնականներին։

Մրցույթի նպատակն է խրախուսել ոլորտի մասնագետներին, փորձագետներին, գիտական աշխատողներին և ոլորտը լուսաբանող լրագրողներին իրենց աշխատանքներում անդրադառնալ ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաներին՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և ոլորտին առնչվող գիտական աշխատանքների ավելացմանը։

  • Մասնակցության պայմաններ
  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2021թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների վերաբերյալ հրապարակված վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և լրագրողական նյութեր։
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:
  • Ընտրություն

            Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 3 անվանակարգերում`

  • Լավագույն լրագրողական անդրադարձ
  • Լավագույն վերլուծություն
  • Լավագույն գիտական հոդված
  • Մրցութային աշխատանքներին  ներկայացվող չափորոշիչներ
  • Լավագույն լրագրողական անդրադարձ

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող ու հանրության համար ընկալելի աշխատանքներին (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր և առցանց մամուլ)։

  • Լավագույն վերլուծություն

Նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծական աշխատանքներին, որոնք ներառում են նաև համապատասխան եզրահանգումներ։ Վերլուծությունները պետք է լինեն հրապարակված տպագիր կամ առցանց հարթակում։

  • Լավագույն գիտական հոդված

Նախապատվությունը տրվելու է գիտական այն հրապարակմանը, որի արդյունքում ստեղծվել է գիտական նոր արդյունք։ Գիտական հոդվածները պետք է հրապարակված լինեն ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից սահմանված ամսագրերում (հղումը՝ Ամսագրեր | ԲՈԿ – Supreme Certifying Committee (bok.am))  

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2022թ. հունվար-փետրվարին։ Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են 2021թ-ի ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: 

Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները: 

  • Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով։
Share