Ֆինանսական

Բանկերի միության գործադիր տնօրենը ներկայացրեց պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատների ներված վարկերի ծավալը

Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների՝ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:  Այս մասին ասաց Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ֆինանսական կառույցների կողմից հուլիսի 30-ի դրությամբ 17 հազար 100 անձանց շուրջ 2.8 մլրդ դրամի վարկային պարտավորություններ են ներվել:  «Զոհված և անհետ կորած անձանց պարտավորությունների ներում է իրականացվել՝ 2400 անձանց մասով՝ 1 մլրդ 948 մլն դրամի չափով: Զոհված և անհետ կորած անձանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով ներվել է 631 մլն դրամ,  պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների պարտավորությունների մասով՝ 230 մլն դրամ: Բոլորը միասին շուրջ 2.8 մլրդ դրամ: Դրա 2 մլրդ 252 միլիոնը բանկերի կողմից է ներվել, 557 մլն դրամը՝ վարկային կազմակերպությունների կողմից»,-ասաց Սարգսյանը:

Վարկային պարտավորությունների ներման գործողությունները ֆինանսական կառույցները իրականացրել են իրենց միջոցների հաշվին: Պետությունն էլ, սակայն, իր մասնակցությունն ունեցել է. ՀՀ ազգային ժողովը դեռ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով հնարավորություն է ստեղծվել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

Սակայն, թե զոհվածներից քանիսն են վարկեր ունեցել, ինչ չափով խնդիր կա, պարզ չէ:

Share