Բաժին. Ֆինանսական

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց ԿԲ նախագիծը՝ անկանխիկի անցնելու վերաբերյալ

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ԿԲ նախագիծը՝ անկանխիկի անցնելու վերաբերյալ:

Երիցյանի դիտարկմամբ՝ իրենց ներկայացրած նախագծով կխթանեն անկանխիկ գործառնությունների իրականացումը, կձևավորվի անկանխիկ վճարումների իրականացման մշակույթ: Արդյունքում անկանխիկ գործառնությունները կդառնան մատչելի, շահավետ և արդյունավետ:

Երկրորդ խնդիրը, որի լուծումը ներկայացրել են նախագծով, անկանխիկ գործառնությունների իրականացմամբ տնտեսությունում ստվերի կրճատումն է:

Նախագծերի փաթեթում առաջարկվում է նաև անկանխիկ վճարման դեպքում ավելի բարձր գին սահմանելն ու ավելի մեծ գումար ստանալն արգելող դրույթներ:

«Սակագների և միջնորդավճարների հետ կապված քննարկումներ ևս ունեցել ենք: Օրենքում հստակ դրույթ է սահմանաված, որ Կենտրոնական Բանկն ունի լիազորություններ սակագները կարգավորելու, վերին-ներքին շեմեր սահմանելու, եթե դրանք կանցնեն տրամաբանության սահմանները», – ասում է Երիցյանը:

Վերջինս օրենքի նախագծերի փաթեթում կարևոր դրույթ է համարում նաև անկանխիկի հնարավորության հասանելիությունը: Այսինքն, եթե քաղաքացին ուզում է վճարել քարտով, մոբայլ հավելվածով և այլ եղանակով, ապա պետք է ունենա դա անելու հնարավորությունը:

ԿԲ փոխնախագահի խոսքով՝ իրենք դա արդեն քննարկում են ՊԵԿ-ի և բանկերի հետ, որպեսզի տնտեսվարողները կարողանան իրենց մոտ ապահովել այդ վճարումներն ընդունելու հնարավորություններն, և այդ անցումը կատարվի անցնցում:

Share