Բաժին. Ֆինանսական

Moody’s. Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը շնորհվել է Ba3 Stable վարկանիշ

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին Moody’s վարկանիշային գործակալության կողմից 2022 թվականի հունվարի 19-ին շնորհվել է Ba3 վարկանիշ (IFSR)՝ կայուն հեռանկարով։

Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այն հանգամանքը, որ Ընկերությունը հանդիսանում է պետական մասնակցությամբ ընկերություն և ռիսկերի 90 տոկոսը վերաապահովագրված է Aa3 stable վարկանիշ ունեցող հեղինակավոր Swiss Reinsurance Company Ltd կողմից, ինչպես նաև բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ  մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ընկերության մասին՝ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ներկայումս ՀԱԱԳ-ը մատուցում է արտահանման ապահովագրության 2 տեսակի ծառայություններ.

  1. Օտարերկրյա գնորդների չվճարումից ապահովագրական ծառայություն

Այս ծառայությունը ՀՀ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ապահովագրել օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերը:

  1. Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրական ծառայություն

Այս ծառայության միջոցով ՀՀ արտահանողները արտահանման գործարքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի (այդ թվում` հումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, արտադրանքը շուկայական տեսքի բերելու, տրանսպորտային, մաքսային և նմանատիպ այլ ծախսեր) կատարման նպատակով հնարավություն են ունենում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից արտոնյալ պայմաններով` պարզեցված ընթացակարգով, առանց գրավի և համեմատաբար ցածր տոկոսադրույքով,  ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում՝ կարճաժամկետ վարկի տեսքով:

Գտնվելու վայրը՝ ՀՀ, ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5, 9-րդ հարկ, 926-930 սենյակներ, հեռ․՝ 010 582929։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Share