Ֆինանսական

Հարավային Կորեան պատրաստ է միանալ SWIFT-ից ՌԴ-ի մի շարք բանկերի անջատման միջոցառումներին

Հարավային Կորեան պատրաստ է SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը միանալ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը:

«Սեուլը նույնպես պլանավորում է միանալ SWIFT վճարային համակարգից Ռուսաստանին անջատելու միջազգային որոշմանը եւ այդ որոշման մասին Միացյալ Նահանգներին ծանուցել է դիվանագիտական կապուղիներով»,-գործակալությանը հաղորդել են նախարարությունում: Բացի այդ, հաղորդվում Է, որ Հարավային Կորեան որոշել է արգելել ռազմավարական նշանակության նյութերի արտահանումը Ռուսաստան:

Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր ռուսաստանյան 49 ռազմական կազմակերպություններին, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ամերիկյան ծագման տեխնոլոգիաների եւ արտադրանքի արտահանման սահմանափակումների մասին: Ավելի վաղ նաեւ հայտնի է դարձել, որ Ճապոնիան եւս մտադիր է արեւմտյան երկրներին միանալ SWIFT համակարգից Ռուսաստանի մի շարք բանկերի անջատման դեպքում:

Այդ մասին փետրվարի 27-ին հաղորդել է The Japan Times հրատարակությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդուին: Հրատարակության տվյալներով՝ վարչապետը հայտարարել է, որ Տոկիոն նույնպես պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ եւ Ուկրաինային արտակարգ ֆինանսական օգնություն կհատկացնի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share