Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ֆոնդային բորսա. 2022 թ․-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի փետրվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ծավալը կազմել է 40 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 10.4  մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի փետրվարի համեմատ գրանցելով 432% աճ (ավելի քան 5 անգամ): Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 81 գործարք։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի փետրվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 497.2 մլրդ դրամ, որը 8.2%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2021 թ․-ի փետրվարի համեմատ աճել է 57%-ով՝ հատելով 6.3 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 241 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 101-ի։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի փետրվարի համապատասխան  ցուցանիշը 26%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նոյնպես բազմապատիկ աճել է՝ հասնելով 54 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ աճել է 90%-ով՝ հասնելով 260.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 92 գործարք։

Բորսայական գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

Share