Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի

Հայաստանի բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի: Այս մասին վստահեցրեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե հայկական բանկերն ի՞նչ խնդիրներ ունեն SWIFT համակարգից Ռուսաստանյան բանկերի անջատման արդյունքում:

Նախորդ ասուլիսում, երբ հարց էր հնչել, թե SWIFT համակարգից Ռուսաստանի հնարավոր անջատումն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, Գալստյանը կարճ էր պատասխանել՝ ծանր: Նրա խոսքով՝ այդ պատասխանից հետո  ԿԲ-ն որոշակի աշխատանք է իրականացրել՝ ակնկալելով որոշակի զարգացումներ: «Կարծում եմ՝ ճիշտ է, որ պրոակտիվ ենք եղել այդ հարցում: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, ՀՀ բանկային համակարգը արտաքին վճարումների հետ կապված խնդիր չունի»,-վստահեցրեց Գալստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բանկերն էլ, ԿԲ-ն էլ ակտիվ աշխատում են նոր գործընկերների հետ թղթակցային հարաբերություններ ձևավորելու և բիզնեսին լավագույնս սպասարկելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ՎՏԲ բանկին՝ նա հիշեցրեց, որ հաղորդագրություն են տարածել, որով պնդում են, որ բանկը բավականին առողջ վիճակում է գտնվում, գտնվում է ՀՀ ԿԲ-ի վերահսկողության ներքո: Կան որոշակի խնդիրներ, որոնք ՀՀ ԿԲ-ի տիրույթից դուրս են, սակայն դրանց հետ կապված ևս որոշակի լուծումներ փորձում են գտնել բանկի հետ համատեղ, և մոտ ժամանակներս այդ լուծումները կլինեն:

Share