Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. 2 շաբաթում Հայաստանի բանկային համակարգ մուտք է գործել մոտ 6,500 ոչ ռեզիդենտ

Մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 6500 ոչ ռեզիդենտ մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: Այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի որոշ քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան, խնդիր ունեն բանկային հաշիվների բացման հետ կապված:

Գալստյանն ընդգծեց, որ անկախ կոնֆլիկտից, որևէ սանկցիայից, միշտ ցանկացած բանկային համակարգում ոչ ռեզիդենտների նկատմամբ ներկայացվող պահանջները լինում են ավելի խիստ: ԿԲ նախագահը Հայաստանի բանկերի մոտեցումը բավականին ճիշտ է գնահատում, բանկերի կողմից նոր հաճախորդների ներգրավումը տեղի է ունենում պատշաճ ընթացակարգերի համաձայն:

«Դա նշանակում է, որ բանկերը պատշաճ ուսումնասիրում են իրենց նոր հաճախորդներին, փորձում հասկանալ՝ նրանք տրանզիտ հաճախորդնե՞ր են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ն: Եթե հաճախորդները ներգրավվում են Հայաստանի բանկային համակարգ, որովհետև իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել և դարձել է ՀՀ-ն, ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի առաջանում: Եթե բանկերի գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը օգտագործվում է որպես տարանցիկ գործառնությունների համար իրականացվող մեխանիզմ, այդ պարագայում բնականաբար բանկերն արձագանքում են իրենց հայեցողությամբ»,- ասաց Գալստյանը:
ԿԲ նախագահի տեղեկությամբ՝ այս պահի դրությամբ շուրջ 6500 ոչ ռեզիդենտ արդեն մուտք է գործել Հայաստանի բանկային համակարգ: Դա վերաբերում է մարտի 2-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածին:
Share