Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարությունում հյուրընկալել են ԱԶԲ տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ մարտի 16-ին, ընդունել են Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերի մանրամասները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերների եւ դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Կարևորվել է ԱԶԲ-ի հետ ունեցած օրինակելի  համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել 15 տարիների ընթացքում ձեւավորված կառուցողական փոխգործակցության համար:

Շեշտվել է, որ միջազգային հեղինակավոր կառույցների հետ ՀՀ կառավարության համագործակցությունը կարեւոր ուղենիշ է միջազգային ներդրողների համար։ Ընդգծվել է, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանի Հանրապետությունում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում եւ Հայաստանի համար կարեւորագույն ծրագրերում: Ներկայացվել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգն ու հիմնական ուղղությունները:

Արիֆ Բահարուդինն իր հերթին, շնորհակալություն հայտնելով համատեղ բազմամյա աշխատանքի համար, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը լավ հեղինակություն ունեցող երկրների շարքում է եւ Ասիական զարգացման բանկի կարեւոր գործընկերներից մեկն է:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը:

Share