Ֆինանսական

Մարտին Գալստյան. Մեր որոշումները խելամիտ էին և ժամանակին

«2020-ի դեկտեմբերին, երբ Հայաստանում գնաճը 1,6 տոկոս էր, Կենտրոնական Բանկը հրապարակեց իր կանխատեսումներն առ այն, որ գնաճի առումով մեզ սպասվում է ծանր տարի: Չնայած գնաճի ցածր մակարդակի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսահժյին կետով բարձրացվեց, որին հաջորդեցին տարվա ընթացքում հետևողական բարձրացումները, որովհետև ունեինք ներմուծվող գնաճ, ներքին պահանջարկով պայմանավորված գնաճ: Քանի որ մենք մեր քաղաքականությունն իրականացնում ենք առաջ նայելով, ոչ թե այս պահի դրությամբ, կարծում եմ՝ մեր որոշումները խելամիտ էին և ժամանակին», – այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Գալստյանի խոսքով՝ արդյունքում մենք եղանք աշխարհի այն բացառիկ երկրներից, որտեղ գնաճի հետագիծը նվազում էր, ոչ թե աճում: Բայց ԿԲ նախագահը շտապում է նշել, որ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ԿԲ կանխատեսումները կրկին աճի ուղղությամբ են:

Հիշեցնենք՝ ընթացիկ տարվա մարտի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25%: Գալստյանը նկատում է՝ այս որոշումը ոչ միայն գնաճային միտմամբ էր պայմանավորված, այլ նաև ռիսկի հավելավճարով:

«Այսօր եթե ՀՀ-ն միջազգային շուկայում թողարկի եվրոպարտատոմսեր, ապա դրանց եկամտաբերությունը դոլարով արտահայտված կլինի 8 տոկոսից ավել, որովհետև ռիսկի հավելավճարները եթե նորմալ ժամանակներում 300 բազիսային կետ էր կամ 3 տոկոս, ապա հիմա 6 տոկոսից ավել է: Տարածաշրջանում անորոշություն է, և ներդրողներն այս տարածաշրջանում ներդրումներ անելը շարունակելու համար կոմպենսացիա են ուզում, որը 6 տոկոս է հիմա, ոչ թե 3, ինչպես նախկինում»:

Share