Ֆինանսական

Ընդդիմության կողմից նվազագույն աշխատավարձի բարձրացման առաջարկը ևս մեկ անգամ չընդունվեց

ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում  նվազագույն աշխատավարձը 68 հազարից բարձրացնել՝ դարձնելով 80 հազար դրամ: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունը մեկ անգամ ևս առաջարկել էր նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացում, սակայն առաջինը լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկվել, հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն:

«Նախագիծը լրամշակվել է: Ներկայացված նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Փոփոխություններ են կատարվում նաև ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար, փոփոխվում են ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը»,-ասաց Վարդանյանը՝ առաջարկելով, որ կարգավորումը ուժի մեջ մտնի 2023-ի հունվարից:

Կառավարությունից նշել էին, որ փոփոխությունները հղի են մի շարք վտանգներով՝ չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ: Ըստ Վարդանյանի՝ առկա հնարավոր ռիսկերը հակակշռվում են բազմաթիվ այլ դրական փոփոխություններով: «Հատկապես այս փուլում, երբ վերջին 2-3 տարիներին ունենք գնաճի բավականին բարձր ցուցանիշներ, պարտավոր ենք որպես ԱԺ, որպես պատգամավորներ մտածել մեր հարյուր հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը կտրուկ անկում է ապրել»,-ասաց պատգամավորը:

Քննարկումից հետո նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:

Share