Բաժին. Ֆինանսական

Մեկնարկեց Միջազգային առևտրային պալատի հայաստանյան ազգային կոմիտեի աշխատանքը

Օրեր առաջ Միջազգային առևտրային պալատի (ՄԱՊ) հայաստանյան ազգային կոմիտեն կազմակերպել էր իր շնորհանդեսը Երևանի Իբիս հյուրանոցում: Միջոցառումը համախմբել էր ազգային կոմիտեի գործադիր խորհրդին, ՄԱՊ-ի անդամներին և հյուրերին: Երեկոյի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրեցին ՄԱՊ-ի միջազգային և տեղական հանձնաժողովների գործունեությունը:

«Ուրախ եմ մեկնարկելու ՄԱՊ-ի հայաստանյան ազգային կոմիտեի գործունեությունը այսօրվա միջոցառման միջոցով: Համոզված եմ, որ հայկական ընկերությունները կունենան առավելություններ՝ օգտվելով ՄԱՊ-ի դատավճռային մեխանիզմներից, առևտրի դյուրացման համաձայնագրերից և ցանցային կապերի հնարավորություններից,» նշել է ՄԱՊ-ի հայաստանյան ազգային կոմիտեի գլխավոր քարտուղար Ռաֆֆի Սեմերջյանը:

«ՄԱՊ-ի ուժերից մեկը համաշխարհային 12 հանձնաժողովներն են, որոնք մշակում են քաղաքականություն զանազան ոլորտներում, ինչպիսիք են՝ շուկայավարում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, բանկային համակարգ և այլն: Որպես համաշխարհային բանկային հանձնաժողովի անդամ՝ իմ գործընկերների հետ համատեղ ես կարող եմ նպաստել այս գործին միջազգային փորձը մեր երկրում ներդնելու համար,» հավելել է Ինեսսա Ամիրբեկյանը՝ ՄԱՊ հայաստանյան ազգային կոմիտեի խորհրդի անդամը:

Հայաստանյան ազգային կոմիտեն նպատակ ունի ներկայացնելու ՄԱՊ-ի չափորոշիչները և ծառայությունները տեղական բիզնես ընկերություններին և կապելու հայկական մասնավոր սեկտորը ՄԱՊ-ի 95 ազգային կոմիտեների հետ: Վերջինիս համաշխայնորեն ճանաչված չափորոշիչներից են Ինկոթերմսի կանոնները, որոնք կիրառվում եմ ամբողջ աշխարհում միջազգային և տեղական համաձայնագրերում ապրանքների առաքման համար:

ՄԱՊ-ի հովանավորությամբ գործող Արբիտրաժի միջազգային դատարանը միջազգային առևտրային վեճերի լուծման կառույց է և բաղկացած է 90 երկրների ավելի քան 100 դատավորներից:
ՄԱՊ-ի հայաստանյան ազգային կոմիտեին անդամակցելու կամ գործունեության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար դիմել Զառա Կարախանյանին էլ. secretariat@icc-armenia.org հասցեով կամ 098 981111 հեռախոսահամարով:

Share