Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ֆոնդային բորսա. 2022-ի առաջին եռամսյակն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի առաջին եռամսյակի ամփոփ տվյալները 2020-2021 թվականների նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։

Պետական պարտատոմսերի առևտրի ընդհանուր ծավալը 1-ին եռամսյակում կազմել է ավելի քան 32 մլրդ դրամ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 25%, իսկ 2021-ի համեմատ՝ 180% աճ։ Կնքվել է պետական պարտատոմսերով 192 գործարք։

Շրջանառության մեջ առկա պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատում է 1,2 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 31%-ով։

Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի 1-ին եռամսյակի ավարտին շուկայի ծավալը կազմել է ավելի քան 502 մլրդ դրամ, որը 6%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Առևտրի ծավալը 2020 և 2021 թթ․-ի 1-ին եռամսյակների համեմատ աճել է ավելի քան երկու անգամ՝ անցնելով 19 մլրդ դրամի շեմը։ Գործարքների քանակն աճել է շուրջ 38%-ով։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը 100 է։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի 1-ին եռամսյակի ցուցանիշները 42%-ով, իսկ 2020 թ․-ի ցուցանիշները՝ 59%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը 1-ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 105 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 256 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 6 անգամ՝ հասնելով 188-ի։

Գրաֆիկներին կարող եք ծանոթանալ այստեղ։

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Share