Բաժին. Ֆինանսական

Հայաստանի խոշոր հարկատուներ. 2022թ. հունվար-մարտին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 35.45 մլրդ դրամ՝ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 262.81%-ով կամ 25.68 մլրդ դրամով։ 2021թ.-ին հունվար-մարտին ընկերությունը երրորդն էր։

Երկրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 20.08 մլրդ դրամ հարկ՝ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +1.38 մլրդ կամ 7.37%։ 2021թ հունվար-մարտին ընկերությունն առաջինն էր։

Երրորդ տեղում է ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 8.63 մլրդ դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -6.42 մլրդ կամ -42.65%։ 2021թ հունվար-մարտին նախարարությունը երկրորդն էր։

Չորրորդ տեղում է Գրանդ Տոբակոն, որը պետբյուջե է վճարել 7.87 մլրդ դրամ հարկ՝ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 4.73 մլրդ դրամով կամ 150.61%-ով։ 2021թ հունվար-մարտին ընկերությունն առաջատարն էր։

Հինգերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 5.87 մլրդ դրամ հարկ՝ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.73 մլրդ դրամով կամ 41.83%-ով։ 2021թ հունվար-մարտին ընկերությունը 4-րդն էր։

Ֆլեշը 6-րդն է՝ 3.85 մլրդ դրամ՝ 0.78 մլրդ դրամ կամ 25.54%։ 2021թ հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Թեղուտը յոթերորդ տեղում է՝ 3.83 մլրդ դրամ՝ +2.25 մլրդ դրամ կամ +143.17%։ 2021թ հունվար-մարտին ընկերությունը ցուցակի 18-րդ հորիզոնականում էր։

Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (Գեոպրոմայնինգ Գոլդ) 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 3.60 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.18 մլրդ դրամով կամ 4.73%-ով։ 2021թ հունվար-մարտին ընկերությունը նույնպես 5-րդն էր։

Իններորդ տեղում է Հայաստանի Էլեկտրական Ցանցերը՝ 3.49 մլրդ դրամով և արձանագրած 2.87 մլրդ կամ 465.79% աճով։ 2021թ հունվար-մարտին ընկերությունը 81-րդն էր։

Սոֆթ Կոնստրակտը եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 3.15 մլրդ դրամ հարկ, 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.80 մլրդ դրամով կամ 133.97%-ով։ 2021թ հունվար-մարտին ընկերությունը 21-րդն էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 2-ը ներկայացնում են էներգակիրների, 2-ը՝ ծխախոտագործության, 3 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ տեխնոլոգիական ու էներգետիկայի ոլորտները։ Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև մեկ պետական մարմին։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 95.81 մլրդ դրամ հարկ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 29.43 մլրդ դրամով կամ 44.34%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 199.37 մլրդ դրամ է, ինչը 47.81 մլրդ դրամով կամ 31.55%-ով ավել է 2021թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 327.07 մլրդ դրամ, ինչը 2021թ. համադրելի ցուցանիշից ավել է 66.9 մլրդ դրամով կամ 25.71%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 29.29%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 60.96%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 19/04/22 դրությամբ՝ 470.83 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 203.5 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 423.45 մլն դոլար և 1,000-ի կողմից՝ 694.67 մլն դոլար։

Share