Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան

2022 թ. ապրիլի 21, Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2022թ. առաջին եռամսյակ)

2022 թվականի ապրիլի 19-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 0%-ի չափով:

Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև՝ կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով, համաձայն որի, ԿՀԲ չափը սահմանելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համար հիմք են հանդիսանում Բազելյան մեթոդաբանությամբ գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշի ճեղքվածքը, համակարգային ռիսկի զարգացումները բնութագրող ֆինանսական ցիկլի ինդեքսը և վաղ ահազանգման այլ ցուցանիշներ:

Կապիտալի հակացիկլիկ շեմի վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է վարկավորման և ֆինանսական շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝

  • 2022թ. առաջին եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ փոքր-ինչ աճել է և կազմել մոտ 70.6% [1]: Այս ցուցանիշի համար բազելյան կոմիտեի մեթոդաբանությամբ հաշվարկված երկարաժամկետ տրենդից շեղումը կրճատվել է և կազմել մոտ -1.6 տոկոսային կետ, ինչը չի նախանշում կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրական սահմանաչափի կիրառություն։ Հարկ է նշել, որ ԿՀԲ որոշումների կայացման համար կենտրոնական բանկը դիտարկում է նաև վարկային ցիկլը բնութագրող այլ վաղ ահազանգման ցուցանիշներ, ինչպիսիք են վարկավորման պաշարային և հոսքային ցուցանիշների աճի միտումները, Ֆինանսական ցիկլի ինդեքսը [2], անշարժ գույքի շուկան բնութագրող ցուցանիշները և այլն։
  • Վարկավորման շուկայում շարունակվել են 2021թ․ չորրորդ եռամսյակում արձանագրված վարկավորման աճի վերականգնման միտումները։ Ընդ որում, այդ միտումները նկատելի են եղել վարկավորման բոլոր ուղղություններով։ Հիպոտեկային վարկերի աճի տեմպը շարունակել է բարձր մնալ, ինչը ուղեկցվել է անշարժ գույքի շուկայում գների բարձր տ/տ աճով։ Վերջիններիս միմյանց փոխլրացնող ազդեցությունների արդյունքում հիպոտեկային վարկավորման ոլորտում հնարավոր են ռիսկերի կուտակումներ, որոնց արդյունավետ հասցեագրման նպատակով ս․թ․ ապրիլից գործում է պահանջ/գրավի արժեք  առավելագույն սահմանաչափի մակրոպրուդենցիալ գործիքը։
  • 2022թ․ առաջին եռամսյակի համար գնահատված Ֆինանսական ցիկլի ինդեքսը շարունակել է աճել և մոտեցել է իր մեդիան արժեքին։ Սակայն այդ աճը, ինչպես և նախորդ եռամսյակում, հիմնականում պայմանավորված է հիպոտեկային վարկավորման և անշարժ գույքի գների բարձր աճի տեմպերով։ Նշված գործոնների ճշգրտման արդյունքում Ֆինանսական ցիկլի արժեքը էլ ավելի ցածր է մեդիան արժեքից և ավելցուկային վարկավորման ռիսկեր չի նախանշում։
  • Վերը նկարագրված փաստերը վկայում են այն մասին, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է գտնվել ֆինանսական ցիկլի վերականգնման փուլում, և վարկավորման շուկայում դեռևս առկա չեն համակարգային ռիսկի կուտակման իրական նախանշաններ։ Հարկ է նշել նաև, վարկավորման շուկայի հետագա զարգացումները իրենց վրա կարող են կրել ներկայիս լարված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված բարձր անորոշությունների հնարավոր ազդեցությունները։

Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում ԿՀԲ սահմանաչափը թողնել անփոփոխ՝ 0% մակարդակում։

Ֆինանսական կայունության հիմնական ցուցանիշների վերաբերյալ պրեզենտացիա 2022թ. 1-ին եռամսյակ

[1] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2022թ․ առաջին եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից։

[2] Ֆինանսական ցիկլի ինդեքսի մեթոդաբանության հակիրճ նկարագրությունը տրված է 2020թ․ տարեկան Ֆինանսական կայունության հաշվետվության  Ներգիր 5.1-ում

 

Share