Բաժին. Ֆինանսական

Հայաստանի Ֆոնդային բորսա. 2022 թ․-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի ապրիլ ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։

Հայաստանի ֆոնդային բորսայում  ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 65.2 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 6,7  մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի ապրիլի համեմատ գրանցելով 34% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։

Հայաստանի ֆոնդային բորսայի  կորպորատիվ արժեթղթերի առաջնային  աճուրդների հարթակում տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 3,8 մլրդ դրամ։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 475.8 մլրդ դրամ, որը 1.5%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է 2․8 մլրդ դրամը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 255 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 99-ը։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4․9 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի ապրիլի համապատասխան  ցուցանիշը 114%-ով (ավելի քան 2 անգամ)։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 84․5 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան  նախորդ տարվա համեմատ ավելագել է  60%-ով՝ հասնելով 255.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 70 գործարք։

Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Share