Ֆինանսական

Financial Times. Եվրամիությունն ստիպված կլինի 195 մլրդ եվրո ծախսել Ռուսաստանի նավթից և գազից հրաժարվելու համար

Եվրամիությունն առաջիկա հինգ տարում լրացուցիչ 195 միլարդ եվրո կծախսի Ռուսաստանից էներգետիկական կախվածությունից ազատվելու համար: Ինչպես մայիսի 11-ին իր կայքում հայտնել է Financial Times թերթը, նման բյուջե է ենթադրում Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից պատրաստված արագացված էներգետիկական անցման նախագիծը:

Փաստաթղթում, որին ծանոթացել է հրատարակությունը, ասված է, որ «ռուսական հանածո վառելիքից կախվածության արագ նվազումը հնարավոր է մաքուր էներգիայի արագ անցման հաշվին»: Հանուն դրա մինչեւ 2030 թվականը ԵՄ-ին անհրաժեշտ կլինի 13 տոկոսով կրճատել էներգասպառումը պլանավորված 9 տոկոսի փոխարեն՝ էներգաարդյունավետության բարձրացման հաշվին: Նաեւ նպատակ է դրվում ավելի քան կրկնապատիկ մեծացնել վերականգնվող աղբյուրներից էներգիայի արտադրությունը՝ դրա բաժինը եվրոպական սպառման մեջ 2020 թվականի 22 տոկոսից 2030 թվականին հասցնելով մինչեւ 45 տոկոսի:

Ավելի վաղ ԵՀ-ի աաջարկած նպատակային ցուցանիշը 40 տոկոս բաժինն էր: Այլ բաների թվում առաջարկվում է շեշտը դնել կանաչ ջրածնի վրա, որի սպառումը Եվրամիությունում մինչեւ 2030 թվականը կարող է կազմել 20 միլիոն տոննա (ընդ որում այդ ծավալի կեսը կներմուծվի), ինչպես նաեւ բիոմեթանի վրա: Ինչպես գրում է Financial Times-ը, նախագիծը պլանավորվում է պաշտոնապես ներկայացնել մայիսի 18-ին: Այն կպահանջի փոփոխություններ մտցնել ԵՄ-ի մի քանի դիրեկտիվներում, ներառյալ պահանջների մեղմացումը վերականգվող Էներգետիկայի ոլորտի նախագծերի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share