Ֆինանսական

ԱՄՆ-ում բյուջեի ռեկորդային հավելուրդ են գրանցել ապրիլին

ԱՄՆ-ն ապրիլ ամսին բյուջեի 308 մլրդ դոլարի ռեկորդային հավելուրդ է գրանցել անցյալ տարվա այդ նույն ամսվա 226 մլրդ դոլար դեֆիցիտի համեմատությամբ: Այդ մասին հաղորդել է երկրի ֆինանսների նախարարությունը:

Բյուջեի եկամուտները կտրուկ մեծացել են 97 տոկոսով՝ մինչեւ ռեկորդային 863,65 մլրդ դոլար, ծախսերը նվազել են 16 տոկոսով՝ մինչեւ 555,43 մլրդ դոլար: Ապրիլին Նահանգները հաճախ են բյուջեի հավելուրդ գրանցում, ինչը կապված է այն բանի հետ, որ ապրիլի 15-ին լրանում է հարկային հայտարարագրեր տալու ժամկետը: Բացառություններ են եղել 2009, 2010 եւ 2011 թվականները, ինչպես նաեւ 2020 եւ 2021 թվականները, որի պատճառը COVID-19-ի համավարակն է:

Մասնավոր անձանց եկամուտների հարկի մուտքերն ապրիլին կազմել են 593 մլրդ դոլար: 2022 ֆինանսական տարվա յոթ ամսվա ընթացքում, որն սկսվել է հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ի բյուջեի բացասական սալդոն կրճատվել է 81 տոկոսով՝ մեկ տարի առաջվա համապատասխան ժամանակաշրջանի մինչեւ 360 մլրդ դոլարի համեմատությամբ: 2022 ֆինանսական տարվա սկզբից բյուջե մուտքերի ծավալը կտրուկ մեծացել է 39,7 տոկոսով՝ կազմելով 2,99 տրիլիոն դոլար: Ծախսերը կրճատվել են 17,9 տոկոսով՝ մինչեւ 3,35 տրիլիոն դոլար: Դա պայմանավորված է մասշտաբային խթանիչ ծրագրերի գործողությունների ավարտով, որոնք սահմանվել Էին COVID-19-ի համավարակի պատճառով:

ԱՄՆ-ի պետբյուջեի բացասական սալդոն 2021 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կրճատվել է 11,4 տոկոսով եւ կազմել 2,776 տրիլիոն դոլար (կամ ՀՆԱ-ի 12,4 տոկոսը): Մեկ տարի ավելի վաղ գրանցվել է 3,1 տրիլիոն դոլարի ռեկորդային դեֆիցիտ: Վերջին անգամ տարեկան բյուջեի հավելուրդ երկրում գրանցվել է 2001 թվականին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share