Բաժին. Ֆինանսական

SWIFT-ը ցանկանում է դառնալ միջազգային փոխանցումների առաջատար նաև թվային արժույթների համար

Միջազգային բանկային փոխանցումների SWIFT հարթակը մեկնարկում է տարբեր երկրների CBDC (պետության, կենտրոնական բանկի կողմից թողարկված թվային արժույթ) համակարգերի համադրելիության փորձարկումները միջազգային փոխանցումների իրականացման ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը։

«CBDC-ների ներուժի ամբողջական բացահայտման համար հարկավոր է ապահովել գործառնական համադրելիություն և կապ տարբեր երկրներում թողարկված թվային արժույթների միջև։ Առանց նման համադրելիության CBDC-ները կարող են դառնալ տեղային նշանակության սահմանափակ գործիքներ։ Նման համադրելիության հասնելու խնդիրը բարդանում է նրանով, որ տարբեր երկրների կենտրոնական բանկեր CBDC-ների թողարկման համար օգտագործում են տարբեր տեխնոլոգիաներ, ստանդարտներ և պրոտոկոլներ», – հայտնել է SWIFT-ի նորարարությունների տնօրեն Թոմաս Չախը։

2021թ.-ին SWIFT-ն արդեն իսկ իրականացրել է CBDC-ների միջազգային միջբանկային փոխանցումների մի շարք հաջող փորձեր։

Եթփ նոր փորձարկումները հաջող անցնեն, ապա կարելի է պնդել, որ SWIFT-ն արդեն ունի հանարավորություններ և տեխնիկական հմտություններ տարբեր CBDC ցանցեր միացնելու համար։ Սա իր հերթին կօգնի լուծել CBDC-ների առջև կանգնած խոշորագույն տեխնոլոգիական խնդիրներից մեկը։

Հիշեցնենք, որ աշխարհի կենտրոնական բանկերի 90% արդեն լրջորեն ուսումնասիրում է CBDC թվային արժույթների թողարկման և շրջանառության հետ կապված խնդիրները։

SWIFT-ի համար ևս անչափ կարևոր է թվային արժույթների հետ աշխատելու հնարավորությունների ստեղծումը, քանի որ միջբանկային փոխանցումների միջազգային առաջատար համակարգը չի ցանկանում կանգնել փաստի առաջ և կորցնել իր դիրքերը թվային արժույթների թողարկման հետևանքով։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share