Ֆինանսական

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ գնաճի և փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումների մասին

Հայաստանում մայիսի դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ տարեվերջին գնաճի ցուցանիշն ավելի ցածր կլինի, եթե նոր արտասովոր բան տեղի չունենա:

«Մայիսին ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության և ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,- ասում է ԿԲ նախագահը:

Գալստյանի գնահատմամբ՝  աշխարհաքաղաքական իրադարձություները բերում են այն մտքին, որ մոտակա ամիսներին դեռևս գնաճային միջավայրը շարունակվելու է:

Ինչ վերաբերվում է փոխարժեքի շուկայում առկա զարգացումներին, արտին Գալստյանը նշում է՝ Կենտրոնական բանկը որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա:

«Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ», – ասում է Գալստյանն ու նկատում՝ եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի հետ:

Որպես լուծում՝ ԿԲ նախագահը մեջբերում է միջազգային լավագույն փորձը, ըստ որի՝ նման իրավիճակներում շատ կարևոր է սեկտորային քաղաքականությունների իրականցումը:

 

Share