Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. Դրամի արհեստական արժեզրկումը կբերի գնաճային նոր ալիքի

Հայաստանում դրամի արհեստական արժեզրկումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ տարբեր ոլորտների արտահանողներ իրենց դժգոհությունն են հայտնում դրամի արժևորման կապակցությամբ, քանի որ տուժում են:

«Հայաստանում դրամի փոխարժեքը ազատ լողացող է և դա համարվում է շոկերը կլանող լավագույն գործիքը: Մենք այս պահի դրությամբ ՀՆԱ-ի ցուցանիշը վերանայել ենք ու աճը սահմանել ենք 4.9 տոկոս՝ պայմանավորված հիմնականում արտաքին պահանջարկով: Այդ նույն արտաքին պահանջարկը Հայաստանի  տնտեսությունում նպաստեց դրամի որոշակի արժևորմանը, ինչը նաև թույլ տվեց որոշակիորեն չարձագանքել ընդլայնվող գնաճային միջավայրին ու տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Չի բացառվում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը որոշակի խնդիրներ առաջացնի որոշ ընկերությունների համար: Խնդրի լուծման մի տարբերակը, որ առաջարկվում է, դրամի փոխարժեքը արհեստականորեն արժեզրկելն էր: Այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր ալիք, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին ներառյալ արտահանողներին»,-ասաց Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ եթե իրավիճակը դառնա անկառավարելի, ապա այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են լուրջ խնդիրներ: Կենտրոնական բանկը կարծում է, որ կարևոր է կառավարության հետ կոորդինացված քաղաքականություն ունենալը, որի շրջանակում կկարողանան որոշակիորեն զբաղվել գնաճի խնդիրներով: Մարտին Գալստյանը նշեց, որ կառավարության կողմից էլ հասցեական, ոլորտային մոտեցում պետք է լինի այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժևորման արդյունքում:

Share