Ֆինանսական

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` անկանխիկ վճարումների և POS տերմինալների մասին

Կանխիկի շրջանառության կրճատման նախագիծն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող առևտրի պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, նաև որոշակի ծառայությունների մասով՝ բացառապես անկանխիկ վճարումների իրականացում:

Որքանո՞վ են դրան պատրաստ հայ տնտեսվարողները։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նկատում է` բանկերի հետ փոխհամաձայնության են եկել, որ այս փուլում հնարավորինս նվազագույն լինի տնտեսավարողների բեռը, այսինքն՝ այն վճարը, որը պետք է կատարեն POS տերմինալի հնարավորություն ունենալու համար:

«Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք փոխանցվում են միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն: Ժամկետների վերանայման հետ կապված հավելյալ կտեղեկացնենք», – պարզաբանում է Մարտին Գալստյանը։

POS տերմինալների և ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրների առումով էլ Մարտին Գալստյանը կարծում է, որ հարցը մեծ հաշվով լուծված է, որովհետև բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա:

«Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ այս փուլում հնարավորինս նվազագույն լինի տնտեսավարողների բեռը, որ տնտեսավարողները պետք է վճարեն այդ տիպի սարքերի սպասարկման դիմաց: Օրինակ՝ գյուղական վայրերի դեպքում, եթե շրջանառության ծավալն էական չլինի, տնտեսավարողը տերմինալ, ՀԴՄ-ն սպասարկելու համար բանկին վճարելու է ամսական ընդամենը հազար դրամ, Երևանում՝ բնականաբար ավելի բարձր»:

Բուժծառայությունների դեպքում բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Քաղաքացին կարող է բուժհաստատությունում առկա տերմինալով կանխիկ վճարում կատարել, և գումարը կփոխանցվի բուժհաստատության բանկային հաշվին:  Առայժմ այսպիսի գործարքները ևս համարվում են անկանխիկ գործառնություն: ԿԲ նախագահի խոսքով` հետագայում, երբ տեսնեն, որ մարդիկ արդեն ընտելացել են անկանխիկ քարտային վճարումներին, այդ հարցը կվերանայվի։

Share