Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի մայիս ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը մայիսին կազմել է ավելի քան 16,7 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի մայիսի համեմատ գրանցելով 203% աճ: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 77 գործարք։
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի մայիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 486.8 մլրդ դրամ, որը 4.6%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 272 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 104։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.5 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի մայիսի համապատասխան ցուցանիշը 28%-ով։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով ավելի քան 35 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է 57%-ով՝ հասնելով 250.4 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 80 գործարք։