Ֆինանսական

ՀՖԲ-ում առևտրին թույլտվություն ստացած «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ն սկսել է շահութաբաժինների վճարման գործընթացը

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսա է ներկայացրել էական փաստեր և տեղեկություններ ներառող փաստաթուղթ, որի համաձայն ընկերությունը 26.07.2022 թ․-ից սկսել է շահութաբաժինների վճարման գործընթացը:

Շահութաբաժինները  վճարելու համար «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ն ՀՀ Երևան Նոտարական տարածքի նոտար Վանինե Ժորայի Հոսեփյանի  900018000092 Դեպոզիտ հաշվին է փոխանցվել 69,840,620 ՀՀ դրամ, որից էլ Բաժնետերերը կամ նրանց օրենքով սահմանված իրավահաջորդները կարող են ստանալ իրենց հասանելիք շահութաբաժինները: Սա վերաբերում է այն Բաժնետերերին կամ նրանց օրենքով սահմանված իրավահաջորդներին, ովքեր օրենքով սահմանված կարգով պետք է ստանան շահութաբաժին, սակայն դեռ չեն ստացել: Նոտարի վկայագիրը հրապարակված է ընկերության պաշտոնական կայքում:

Շահութաբաժինների վճարման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև շահութաբաժինների վճարման ժամկետը uահմանվում է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ի կողմից բաժնետերերի 2022 թվականի Տարեկան ժողովում կայացած որոշման հիման վրա:

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ի կուտակված շահույթը 31.12.2021 թ.-ին կազմել է մոտ 13 մլրդ ՀՀ դրամ, շահութաբաժնի վճարում կատարվել է 8 մլրդ ՀՀ դրամի չափով, համաձայն որի մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահութաբաժինը կազմել է 127.137822485 դրամ:

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում առևտրին թույլտվություն են ստացել 2020 թվականից:

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը առևտրին թույլատրված են Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ազատ (C) շուկայում, իսկ պարտատոմսերը ցուցակված են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում:

Բաժնետոմսերի առևտրին թույլտվությունը կարգավորվում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և Հայաստանի Ֆոնդային Բորսայի (AMX) կանոններով։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Share