Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. «Ֆինանսները և փողը նոր մակրոտնտեսական և տեխնոլոգիական միջավայրում» համաժողովի վերաբերյալ

Սեպտեմբերի 19-ին, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Ֆինանսները և փողը նոր մակրոտնտեսական և տեխնոլոգիական միջավայրում» խորագրով երկօրյա համաժողովը, որը նախաձեռնել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և The Reinventing Bretton Woods Committee կազմակերպությունը (RBWC): Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Կենտրոնական բանկից։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն թվայնացման պոտենցիալ դերը ֆինանսների հասանելիության ընդլայնման գործում, թվային արժույթի կիրառության ընդլայնումը, առնչվող կանոնակարգման և քաղաքականության իրականացման մարտահրավերները, վճարահաշվարկային համակարգերի գործունեության հարցեր և այլն: Համաժողովը նաև հնարավորություն կընձեռի քննարկելու միջազգային լավագույն փորձը և այն ծառայեցնելու ի շահ տարածաշրջանի: Տեսակապի միջոցով ելույթներ կունենան ամերիկացի հայտնի տնտեսագետ, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Բարրի Էյքենգրինը (Barry Eichengreen) և իսրայելացի տնտեսագետ, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր, Իսրայելի բանկի նախկին նախագահ Ջեյքըբ Ֆրենկելը (Jacob Frenkel): Համաժողովին մասնակցում են կենտրոնական բանկերի, մասնավոր հատվածի, այլ ֆինանսական կազմակերպությունների և ակադեմիական աշխարհի ներկայացուցիչներ:

Բարրի Էյքենգրինը (Barry Eichengreen, ծնվել է 1952 թ-ին) Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի պրոֆեսոր է, Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի, նաև Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող է: Նա 1997 և 1998 թվականներին եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, թեև այդ ժամանակվանից նա եղել է ԱՄՀ-ի քննադատը: 1997թ-ից Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ է: Հրատարակել է բազմաթիվ աշխատություններ միջազգային արժութային և ֆինանսական համակարգի պատմության և ներկայիս գործունեության վերաբերյալ։

Ջեյքըբ Ֆրենկելը (Jacob Frenkel, ծնվել է 1943 թ-ին) Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր է, 1991-2000 թթ.-ին եղել է Իսրայելի բանկի նախագահը, ներկայումս JPMorgan Chase International-ի խորհրդի նախագահն է, G30-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Loews Corporation-ի աուդիտի կոմիտեի անդամ է, Boston Properties Inc.-ի անկախ տնօրեն, Carolina Group-ի տնօրեն, Թել Ավիվի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Էկոնոմետրիկ» ընկերության անդամ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի պատվավոր արտասահմանյան անդամ, խորհրդի անդամ է:

Share