Բաժին. Ֆինանսական

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 37%

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր սեպտեմբերյան նիստում ամփոփել է օգոստոսին ՀՀ ֆինանսական շուկայում գրանցված ընդհանուր զարգացումները: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` օգոստոսին, ՀՀ ԿԲ գնահատականներով, հայաստանյան ռեպո շուկայում նկատվել է տոկոսադրույքների նվազման միտում. շուկայական ռեպո տոկոսադրույքը հուլիս ամսվա նկատմամբ նվազել է 1.03 տոկոսային կետով` կազմելով 9.54%, իսկ միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 0.79 տոկոսային կետով` կազմելով 9.17%:

Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը նվազել է 0.9 տոկոսային կետով և կազմել 7.79%:

ՀՀ ԿԲ տվյալներով` 2011 թ. օգոստոսին հայաստանյան արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.29%-ով` կազմելով 367.07 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.56%-ով` կազմելով 526.45 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 3.22%-ով` կազմելով 12.74 դրամ:

Ֆինանսական շուկայի նշված զարգացումների պայմաններում դրամավարկային ցուցանիշների 12-ամսյա շարժերը, ԿԲ ամփոփմամբ, հետևյալն են. օգոստոսի վերջի դրությամբ դրամային ագրեգատների 12-ամսյա աճերը գերազանցել են ընդհանուր ագրեգատների աճը: Դրամային ավանդների շուրջ 49% և կանխիկի 16% աճերով պայմանավորված` դրամային զանգվածի աճը կազմել է 28.6%: Վերջինս և արտարժութային ավանդների 15.2% աճը հանգեցրել են փողի զանգվածի 22.6% աճի: Արդյունքում, դոլարայնացման մակարդակը 12 ամիսների ընթացքում նվազել է 2.5%-ով: Բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման աճը օգոստոսի վերջին կազմել է 37%, ընդ որում, դրամով վարկավորումն ավելացել է 24%-ով:

Share