Բաժին. Ֆինանսական

Հանրային հատվածի աշխատողների աշխատավարձը կբարձրանա

Հայաստանում 2023 թվականի բյուջեով 21 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի համար, սակայն  բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարը կառավարության նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացմանը:

Նախարարը մեկնաբանեց այն սկզբունքը, որը դրված է նախատեսվող փոփոխության հիմքում: Խաչատրյանը նշեց, որ պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներկայումս սահմանված է 2 հիմնական մոտեցում: Առաջին դեպքում սահմանված է բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձ և դրանց գումարվող որոշակի պարգևավճարներ, երկրորդ դեպքում՝ բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձերին գումարվում են սահմանված հավելավճարներ:

«Նախատեսվող հիմնական փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որն ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 հազար 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 հազար 200 դրամ: Սակայն, պետք է պարզաբանեմ նաև, որ այս փոփոխությամբ վերահաշվարկված աշխատավարձի ֆինանսավորումը որոշ չափով փոխհատուցվելու է ներկայում սահմանված պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: Արդյունքում աշխատավարձերի ավելացման նպատակով բյուջեից լրացուցիչ հատկացումները կկազմեն 21 մլրդ դրամ, սակայն գալիք տարվա բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ»,-ասաց նախարարը:

Share