Բաժին. Ֆինանսական

FOREX ՇՈՒԿԱ. ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում միջազգային շուկաներում տեղի ունեցան բուռն դրսևորումներ: Այսպես, Հունաստանի կառավարությունը հայտարարեց որ, ի վիճակի չէ նվազեցնել իր ծախսերը` համաձայն օտարերկրյա վարկատուների հետ պայմանավորվածությանը, և վերջիններս էլ Աթենքին հաջորդ տրանշ տրամադրելու հարցը կասկածի տակ դրեցին: Արդյունքում, ներդրողները սկսեցին վաճառել բոլոր հնարավոր եվրոպական ակտիվները, քանի որ հունական դեֆոլտի վտանգը դարձավ ավելի քան հնարավոր: Այսպիսով, սկսեցին նվազել ոչ միայն ֆոնդային ինդեքսները, այլ նաև եվրոպական առժույթների գնանշումները.

Եվրո/դոլար զույգը հանգստյան օրերից հետո բացվեց 1.3350-ի մոտակայքում /նվազումով/, իսկ հետո նվազեց մինչև 1.3150: Ֆունտը ևս արժեզրկվեց մոտ երկու ցենտով և հասավ 1.5350 նվազագույն արժեքի: USD/CHF զույգը աճեց 0.9100-ից մինչև 0.9300-ը: Ճապոնական յենը, ուժերի նման դասավորմամբ, հայտնվեց արժույթապաստարանի դերում, ինչի արդյունքում USD/JPY  զույգը, որը փոխանակվում էր 77.00-ից բարձր, նվազեց մինչև 76.50 և մինչև շաբաթվա վերջ չէր լքում նշված միջակայքը:

Սակայն, դոլարի մրցակիցներին շաբաթվա առաջին կեսում նշված սահմաններից այն կողմ չհաջողվեց շարժվել, քանի որ արդեն երեքշաբթի օրը շուկայում շրջադարձ էր նկատվում: Շրջադարձի հրահրողն էր Բեն Բերնանկեն, ով իր ելույթի ժամանակ ակնարկեց «քանակական դյուրացման» ծրագրի հնարավոր շարունակության մասին: Նրա կարծիքով, դա կօգնի կայունացնել համաշխարհային տնտեսությունը, եթե եվրոպական ճգնաժամը խորանա:  

Այնուհետև, Անգլիայի Բանկի հիմնական տոկոսադրույքը, հերթական հանդիպման ընթացքում, ինչպես և սպասվում էր, փոփոխության չէր ենթարկվել` պահպանելով 0.5%-ը: Սակայն Բանկի կողմից ակտիվների գնումների ծավալը գերազանցում էր կանխատեսումները, ինչի արդյունքում ներդրողների զգալի մասը սկսել էին իրականացնել ֆունտի զանգվածային վաճառք: Այդ ընթացքում «բրիտանացին» կորցրեց մոտ 200 կետ` հայտնվելով 1.5300-ից ներքև: Հետևելով GBPին, եվրոն ել փորձեց հասնել շաբաթվա մինիմումներին, սակայն ամսական մամլո ասուլիսի ժամանակ ԵԿԲի նախագահ Ժան Կլոդ Տրիշեն կրկին անգամ փոխեց իրավիճակը: Իր ելույթում նա նշեց, որ Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի ապահովված պարտատոմսերի գնման և պարտքերի վերաֆինանսավորման երկարաժամկետ գործարքների անցկացման ծրագիրը:

Վերջին աշխատանքային օրը շարունակվեց USDի մրցակիցների վերելքը: Դրան նպաստեցին Մեծ Բրիտանիայի արտադրողական գնաճի դրական տվյալները, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական ոլորտւմ զբաղվածության աճի տվյալների թողարկումը` ԱՄՆից: Այսպիսով, եվրոն արդեն փորձել էր ամրապնդվել  1.3500-ից բարձր, իսկ ֆունտը` հասնել 1.5650-ին: Սակայն,  Fitch գործակալության կողմից Իսպանիայի և Իտալիայի վարկային վարկանիշների իջեցման մասին հայտարարությունը շփոթմունքի մեջ գցեց շուկայի մասնակիցներին, և հետևաբար, եվրոն և ֆունտը ավարտեցին շաբաթը այնտեղ, որտեղ  սկսել էին` 1.3400-ից ցածր և 1.5550-ից բարձր համապատասխանաբար:

 Ըստ Forex Club-ի վերլուծաբանների կանխատեսումների` առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ, հիմնական արժութային զույգերը կմնան ընթացիկ առևտրային տիրույթում` 1.3000-1.3500 եվրո/դոլարի և 1.5200-1.5700 ֆունտ/դոլարի համար:

Share