Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. «Բիզնես նորարարություններ ապագայի համար» թեմայով դասախոսություն՝ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում

Հոկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դանիացի հայտնի մաթեմատիկոս, գործարար Լարս Քոլինդը «Բիզնես նորարարություններ ապագայի համար» թեմայով դասախոսություն է կարդացել ՀՊՏՀ-ի Գյումրու և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղերի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների, ԱՅԲ ավագ դպրոցի սաների համար:

Դասախոսության ժամանակ Քոլինդը ներկայացրել է հաջողակ բիզնես կառուցելու և այն Հայաստանից դուրս զարգացնելու մարտահրավերներն ու հնարավորությունները, 30-ից ավելի համաշխարհային կարգի ընկերությունների ստեղծման և ռազմավարական զարգացման փորձը, աշխարհի առաջատար բիզնես ղեկավարների նորարարությունները (օրինակ՝ ոչ հիերարխիկ կառավարում, թիմային ուղղվածություն ունեցող դինամիկ աշխատանքային տարածք), և այլն:

Հանդիպումը կազմակերպվել է ԿԲ-ի և «Առաջնորդության Դպրոց» հիմնադրամի հետ համատեղ:

Ծանոթություն. Լինելով առաջնորդության նոր հայեցակարգերը ներկայացնող աշխարհի առաջատար բանախոսներից մեկը՝ Լարս Քոլինդն ամբողջ աշխարհում հարյուրավոր բանախոսություններով է հանդես եկել գլխավոր գործադիր տնօրենների և գործարար առաջնորդների համար: Նրա նպատակն է ոգեշնչել ընկերություններին և կազմակերպություններին, որպեսզի նրանք բարգավաճեն՝ ներգրավելով ոչ միայն աշխատակիցների, այլ նաև ընդհանուր նպատակներ ունեցող շահագրգիռ կողմերի։ Վերջին 20 տարիների ընթացքում համահիմնադրել է ավելի քան 25 ընկերություն և կազմակերպություն: 2000 թ-ից Օրհուսի համալսարանի բիզնես դպրոցում առաջնորդության և ռազմավարության դոցենտ պրոֆեսոր է: 2012 թ-ից Detao-ի առաջնորդության և ռազմավարության վարպետ է: Բիզնես նորարարության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ է:

Share