Ֆինանսական

Եվրահանձնաժողով. ԵՄ-ն արդեն սառեցրել է 17,5 մլրդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվներ

Եվրոպական միությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շրջանակներում ներկա դրությամբ սառեցրել է 17,5 մլրդ եվրո գումարի ռուսաստանյան ակտիվներ: Այդ մասին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը հաղորդել է ORF ռադիոյի եթերով:

«Մենք հասել ենք առաջընթացի, ապրիլին մենք սկսել ենք մոտավորապես 6,7 մլրդ եվրոյից, իսկ այսօր այդ գումարն արդեն կազմում է 17,5 մլրդ եվրո»,-հայտարարել է նա: Նա ճշտել է, որ խոսքը պատժամիջոցների տակ գտնվող 1350 անձանց ու կազմակերպությունների ակտիվների մասին է: Ամենից շատ ակտիվներ արգելափակվել են ԳԴՀ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Իռլանդիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:

Դրա հետ մեկտեղ Վիգանդը չի մեկնաբանել Բրյուսելի դիվանագիտական շրջանակներից հաղորդագրություններն այն մասին, որ Հունգարիայում սառեցված ռուսաստանյան ակտիվների գումարը կազմել է մի քանի հազար եվրո: «Այդ ամենը (պատժամիջոցների) արդյունավետ պահպանման հարց է, ինչին Էլ մենք ձգտում ենք հասնել: Մենք ստեղծել ենք սեփական աշխատանքային խումբ, որի շրջանակներում կանոնավոր կերպով աշխատում ենք անդամ երկրների հետ՝ պատժամիջոցների արդյունավետ կիրառումը եւ (ակտիվների) սառեցումն ապահովելու համար: Մի քանի անդամ երկրներ դեռ պետք է կատարեն իրենց տնային աշխատանքը»,-նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share