Բաժին. Ֆինանսական

Տեղի կունենա «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով միջազգային համաժողով

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի` «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով միջազգային համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 3-4-ին Երևանում

Երևան, 2022: Նոյեմբերի 3-4-ին Երևանում տեղի կունենա Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) 18-րդ՝ «Ինչպե՞ս դիմակայել շուկայական տատանումներին. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով միջազգային համաժողովը։

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչներն են AMX-ը՝ ի դեմս «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի և AECSD-ի քարտուղարությունը։ Միջոցառման «ոսկե» հովանավորներն են Ամերիաբանկ ՓԲԸ-ն և Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (NSD), INFINITUM-ը՝ «բրոնզե» հովանավոր։ Համաժողովին մասնակցելու են խոսնակներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Տաջիկստանից և այլն, ինչպես նաև Euroclear և Clearstream ընկերություններից։

Միջոցառման ընթացքում քննարկվելու են կենտրոնական դեպոզիտարիաներին վերաբերող կարևորագույն թեմաներ, որոնց թվում են՝ ժամանակակից աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերների ազդեցությունը դեպոզիտարիաների վրա, կարգավորման ինչպիսի մոդելներ են կիրառում և ինչպես են հաղթահարում խնդիրները:

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի միջազգային համաժողովը ամենամյա միջոցառում է, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում միջազգային ֆինանսական հանրության համար՝ իր շուրջ համախմբելով ֆինանսական շուկայի հարցերով հետաքրքրված մեծ թվով մասնագետների և փորձագետների: Համաժողովը կծառայի որպես դեպոզիտար գործունեության զարգացման և ընդլայնման վերաբերյալ գաղափարների փոխանակման հարթակ, ինչպես նաև հնարավորություն կտա եվրասիական տարածաշրջանի դեպոզիտարիաներին և շահագրգիռ կողմերին տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել:

Յուրաքանչյուր տարի համաժողովի շրջանակներում տեղի է ունենում AECSD անդամների տարեկան ընդհանուր ժողովը: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը 3-րդ տարին անընդմեջ նախագահում է AECSD-ն և այդ առիթով էլ այս տարի Հայաստանն է հյուրընկալում Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի XVIII միջազգային համաժողովի մասնակիցներին:

Հայաստանի համար սա հիանալի հնարավորություն կլինի ֆինանսական շուկայում նոր համախոհներ գտնելու և համագործակցություններ հաստատելու համար:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է  քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

Share