Ֆինանսական

Կենտրոնական Բանկի նախագահը՝ գնաճի, գնաճային սպասումների ու ազդեցությունների մասին

Հայաստանում գնաճը 9,9 տոկոս է: Կենտրոնական Բանկում կանխատեսում են, որ տարեվերջին կհասնի 10 տոկոսի:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ մյուս տարվա համար ակնկալում են, որ համաշխարհային ապրանքային շուկաներում  կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում:

Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ,  գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում:

Համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:

«2022 թվականի երրորդ եռամսյակում տնտեսության բարձր ակտիվության միտումները Հայաստանում պահպանվում են: Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի ազդեցությունը: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում են միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ և դրամի փոխարժեքի արժևորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում  է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը»,- ասում է Գալստյանը:

ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ:

Share