Բաժին. Ֆինանսական

FOREX ՇՈՒԿԱՅԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում` հոկտեմբերի 10–ից 14-ն ընկած ժամանակահատվածում, միասնական եվրոպական արժույթը զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը: Միևնույն ժամանակ, աճ գրանցվեց ԱՄՆ դոլարի այլ մրցակիցների` շվեյցարական ֆրանկի և բրիտանական ֆունտի մոտ, իսկ ճապոնական յենը, ինչպես և սպասվում էր, արժեզրկվեց «կանաչի» նկատմամբ:

Forex Club-ի վերլուծաբանների գնահատմամբ` շաբաթվա սկզբում դոլարի համընդհանուր նվազմանը նպաստեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Եվրոպայի պարտքային ճգնաժամից տուժած բանկերի վերակապիտալիզացման մասին համատեղ հայտարարությունը: Դրա հետ մեկտեղ հայտարարվել էր նաև, որ ԵՄ-ի, ԱՄՀ-ի և ԵԿԲ-ի ներկայացուցիչների հաշվետու թիմը պատրաստվում է եզրափակել հունական պաշտոնյաների հետ վարվող բանակցությունները: Դա շահավետ էր եվրոյի և ֆրանկի համար, քանի որ արդեն պարզ դարձավ, որ շուտով Հունաստանը կստանա հերթական օգնության տրանշը, ինչը կօգնի այդ երկրին խուսափել դեֆոլտից:

Այնուհետև, հինգշաբթի օրը պարզվեց, որ Սլովակիան կողմ է քվեարկել Եվրոպական ֆինանսական կայունության ֆոնդի ընդլայման համար` ավելացնելով ներդրողների հետաքրքրությունը եվրոպական արժույթների նկատմամբ: Միևնույն ժամանակ, ուրբաթ օրը Միչիգանի համալսարանի կողմից հրապարակված վստահության ինդեքսի տվյալները թույլ տվեց եվրոյին շարունակել իր աճը: Այսպիսով, շաբաթվա վերջին եվրոպական միասնական արժույթը հասավ 1.3880 արժեքին, իսկ շվեյցարական ֆրանկը հերթական անգամ վերադարձավ 0.89 տարածքին:

Եվրոարժույթներին դոլարի նկատմամբ ավելի ամրապնդվել թույլ չտվեցին ԵԿԲ-ի  տեղեկագրի բավականին հոռետեսական ամսական հրապարակումը, ինչպես նաև տեղեկությունն այն մասին, որ S&P գործակալությունը նվազեցրել է Իսպանիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը` «AA»-ից  մինչև «AA-», միևնույն ժամանակ նշելով բացասական կանխատեսման մասին:

Բրիտանական ֆունտը ամբողջ շաբաթվա ընթացքում հիմնականում աճում էր` ներդրողների խանդավառության շնորհիվ, ինչը կապված էր եվրոպական «լավ» վիճակագրական նորությունների հետ: Առավել դժվար իրավիճակի մեջ հայտնվեց ֆունտը, երբ Fitch վարկանիշային գործակալությունը նվազեցրեց Royal Bank of Scotland Group-ի և Lloyds Banking Group-ի վարկանիշները: Այսպիսով, շաբաթվա վերջին բրիտանական ֆունտը հատեց 1.58  մակարդակը և ամրապնդվեց նշված մակարդակից փոքր-ինչ վերև:

Առանձին պետք է նշել դոլար/յեն զույգի գնի մասին, որը մինչև չորեքշաբթի տատանվում էր 76.70-ի մակարդակում, սակայն չորեքշաբթի օրը USD/JPY-ը նվազեց մինչև 76.30: Այնուամենայնիվ, ավելի ուշ շուկայում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ճապոնիայի Բանկը հնարավոր է հաստատի դոլար/յեն զույգի սահմանային մակարդակը, ինչպես վարվեց Շվեյցարիայի Ազգային Բանկը, ինչը բարձրացրեց ցուցանիշը մինչև 77.50:  Ճապոնիայի ներկայացուցիչները անգամ շաբաթվա վերջում հիշեցրեցին ուժեղ յենի դեմ ձեռնարկվող նոր միջոցների մասին` ստիպելով դոլար/յեն զույգին ավարտել շաբաթը 77 մակարդակից բարձր:

Ըստ Forex Club-ի վերլուծաբանների սպասումների` նոր մեկնարկող շաբաթվա ընթացքում եվրո/դոլար արժութային զույգի շարժումը կսահմանափակի 1.3800-1.4100 տիրույթով, բրիտանական ֆունտը կարող է շարժվել դեպի 1.6000 և ավելի բարձր: Ճապոնական յենը ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակում է աճել, սակայն Ճապոնական պաշտոնյաների հաղորդագրությունները նոր միջոցների կիրառման մասին, ամենայն հավանականության, թույլ կտան զույգին տեղաշարժվել դեպի 78-79 յեն 1 դոլարի դիմաց: 

Share