Ֆինանսական

Նոյեմբերի 22-ը Հայկական դրամի օրն է

29 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ դրվեց նորանկախ Հայաստանի ազգային արժույթը՝ Դրամը: Այն երկրի անկախության և ինքնիշխանության կարևորագույն ինստիտուտներից է:

ՀՀ Կենտրոնական Բանկը շնորհավորում է բոլորիս ՄԵՐ ԴՐԱՄԻ օրվա կապակցությամբ։

Հիշեցնենք` 1993-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց խորհրդային ռուբլու փոխարեն սեփական ազգային արժույթի շրջանառության մեկնարկի մասին, թեև  հայկական դրամը հայտնվել է 1993-ից ավելի շուտ։

Փողի մասին առաջին հիշատակումը Հայաստանում եղել է Ք.ա. 3-րդ դարում, երբ ռազմական արշավանքների և միջազգային առևտրի միջոցով Հայաստանում հայտնվեց առաջին մետաղադրամը: Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները թվագրվում են Ք.ա. VI-V դարերի։

Հայկական առաջին սեփական դրամը թողարկվել են Երվանդյան հայ արքաները Ք.ա. 3-րդ դարի կեսից Ծոփքում։ Մեծ Հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան Մեծի օրոք, որի կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում, հատվել են մեծ քանակությամբ արծաթե և պղնձե դրամներ:

Հայերեն գրությամբ առաջին դրամներն էլ կապված են Անիի Բագրատունյաց թագավորության ժամանակահատվածի հետ։ Թեև նրանց գահակալության շրջանում դրամներ չեն հատվել, սակայն Տաշիր-Ձորագետի թագավորությունում, որտեղ իշխում էր Բագրատունիների ճյուղերից մեկը, Կորիկե 2-րդ արքայի օրոք թողարկվել են պղնձե դրամներ՝ բյուզանդական անանուն ֆոլիսների նմանությամբ, բայց հայ թագավորի անվան հիշատակմամբ։

20-րդ դարի 20-ականներին շրջանառության մեջ է դրվում «Հայկական ռուբլի» անվամբ արժույթը։ 1918-ի մայիսի 28-ին անկախահռչակ Հայաստանի Առաջին Հանրապետությունը շրջանառության մեջ է դնում Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերն, ապա 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները, որոնց ձևավորումը կատարել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրումն իրականացվել է Լոնդոնում «Waterlow and Sons Ltd» ընկերության կողմից: Այս թողարկումն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ, ազգային պատկերների և զարդանախշերի գեղարվեստական օգտագործմամբ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը։ Ազգային արժույթի անվան մի քանի առաջարկներ կային` «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», «թագվորին», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց` ՀՀ ազգային արժույթն անվանել «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»:

Իսկ արդեն 1993-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի տարածքում ներդրվեց ազգային արժույթը` դրամը: Շրջանառության մեջ են դրվում 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Առաջին սերնդի թղթադրամների էսքիզների հեղինակներն են Հայաստանի նկարիչների միության անդամներ Հրաչյա Ասլանյանն ու Աշոտ Մանուկյանը։

1998 թ.–ից սկսած թողարկվում են երկրորդ շարքի 50, 100, 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ, պաշտպանվածությամբ և պատրաստման որակով համապատասխանում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին:

2001-ին շրջանառության մեջ է դրվել նաև 50000 դրամանոց հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը` որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

Իսկ 2009-ին թողարկվել է 100000 դրամանոց թղթադրամ` թագավոր Աբգար 5րդ-ի պատկերով:

Առաջին և դեռևս միակ երկմետաղ մետաղադրամը 500 դրամն է, դիմերեսից մետաղադրամի օղակը պատրաստված է արույրից, իսկ դարձերեսից՝ պղնձի և նիկելի համաձուլվածքից։

Հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ Հայաստանի Կենտրոնական բանկը 2018 թվականի նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամները` 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամ անվանական արժեքով: 1000, 2000 և 5000 դրամ արժեքով թղթադրամները շրջանառությա մեջ են դրվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին:

Ի դեպ, երրորդ սերնդի հայկական թղթադրամները ներառվել են Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված «2019-ի լավագույն թղթադրամ կամ թղթադրամների շարք»-ի լավագույն թղթադրամների հնգյակում։

Share