Բաժին. Ֆինանսական

ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%

Այսօր` նոյեմբերի 8-ին,  ՀՀ կենտրոնական բանկի խորհդի նիստում որոշում է ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ ` 8%:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ 2011թ. հոկտեմբերին մեր հանրապետությունում արձանագրվել է 0.3% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ, նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 5.7%` ընդհուպ մոտենալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի  միջակայքին:

Այս պայմաններում ԿԲ խորհուրդն առավել հավանական է համարում, որ կանխատեսվող ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն և, առաջարկի կողմից շոկեր չարձանագրելու դեպքում, միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված: Այս պարագայում ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ չեն նկատվի:    Խորհուրդը նաև գտնում է, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները ևս գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի:  

ՀՀ ԿԲ խորհրդի գնահատմամբ` իրականանում են 2011թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերի կանխատեսումները` գնաճի նվազող հետագծի և կանխատեսվող հորիզոնում 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ձևավորվելու վերաբերյալ:

Այս պարագայում, առաջիկա ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության ուղղությունների փոփոխություն չի պահանջվում և առավել նպատակահարմար է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Միաժամանակ, կախված Դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված ռիսկերի դրսևորման չափից և ժամկետներից, չի բացառվում դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների ճշգրտումը:

Share