Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն 2021թ IV եռ – 2022թ III եռ

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2021թ IV եռ – 2022թ III եռ դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը.

2021 թվականի 4-րդ եռամսյակից 2022 թվականի 3-րդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում պահպանվել է բարձր գնաճային միջավայրը: Դրան նպաստել են ինչպես արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունները, այնպես էլ ՀՀ տնտեսությունում պահանջարկի էական աճը: 2021 թ. վերջից համաշխարհային տնտեսության վրա համավարակի զգալիորեն թուլացող ազդեցության արդյունքում դիտվել է տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում: Սակայն համաշխարհային պահանջարկի նման աճը, արժեշղթաների դեռևս պահպանվող խաթարումների պարագայում, ուղեկցվել է արտաքին գնաճային միջավայրի զգալի ընդլայնմամբ, ինչը ներմուծվող մի շարք ապրանքների միջոցով ՀՀ ապրանքային շուկայի գներին է փոխանցել գնաճային զգալի ազդեցություն: Այնուամենայնիվ, վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքում 2021 թ. վերջից գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է, և 12-ամսյա գնաճը 2021 թ. սեպտեմբերի 8.9%-ից 2022 թ. փետրվարին հասել է 6.5%-ի: Փետրվարի վերջից, ռուս-ուկրաինական հակամարտության սրման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման պայմաններում, թե՛ միջազգային ապրանքահումքային շուկաներում և թե՛ ՀՀ տնտեսությունում ձևավորվել են գնաճային նոր գործոններ՝ արտահայտվելով նաև պահանջարկի միջավայրի զգալի ընդլայնմամբ: Դրանց ազդեցությամբ 2021 թ. երկրորդ և երրորդ եռամսյակներում դիտվել է 12-ամսյա գնաճի որոշակի ավելացում՝ սեպտեմբերին կազմելով 9.9%:

Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԿԲ-ն հաշվետու ժամանակահատվածում շարունակել է վարել դրամավարկային պայմանները խստացնելու քաղաքականություն՝ բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 2.75 տոկոսային կետով: Ընդ որում, խստացման մոտ կեսը՝ 1.25 տոկոսային կետը, կատարվել է 2022 թ. մարտին՝ արձագանքելով փետրվարի վերջից աննախադեպ անորոշությունների պարագայում ձևավորված բարձր գնաճային իրավիճակին: Դրամավարկային քաղաքականության նկարագրված գործողությունների արդյունքում կանխատեսվում է, որ միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում գնաճի տեմպն աստիճանաբար կթուլանա և կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Հաշվետվությունն աբողջությամբ։

Share