Բաժին. Ֆինանսական

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿԸ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ Է ԻՐ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

«ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան»–ը այսօրվանից վերաբացում է Կոմիտաս 47 հասցեում` «ՌԵՆՈ-ՆԻՍՍԱՆ» ավտոսրահի մասնաշենքում գտնվող իր «Կոմիտաս 1» մասնաճյուղը, որը փակվել էր 2009 թվականի հունիսին` բանկի կողմից սպառողական վարկավորման ժամանակավոր դադարեցման հետևանքով:   Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ եթե նախկինում «Կոմիտաս 1»-ը սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ էր, որտեղ հաճախորդները կարող էին դիմել միայն  ավտովարկավորում ստանալու նպատակով, ապա վերաբացված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է «ԷյչԷսԲիՍի»- ի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը:  Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ` «Ռենո-Նիսսան» (Կոմիտաս 47), «Ֆորդ-Վոլվո-Լենդ Ռովեր» (Աճառյան 42), «Պեժո» (Ռուբինյանց 33/1), «Շևրոլե» (Հալաբյան 18) ցուցասրահներից ավտոմեքենա գնելու դեպքում վարկի դիմած հաճախորդներին, որոնք կօգտվեն միևնույն արտոնյալ տոկոսադրույքից` սկսած 13%-ից:

 «Վերջին մեկ տարվա ընթացքում «ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան»–ը զգալիորեն ավելացրել է անհատական վարկավորման ծավալները և մինչև տարեվերջ ընդհանուր պորտֆելը կկազմի շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլար: Մեր գնահատմամբ, անհատական վարկերի պորտֆելի ավելացման գործում կարևոր դերակատարություն կունենա այսօր վերաբացված «Կոմիտաս 1»  մասնաճյուղը», – նշել է  «ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան»–ի Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը:

Ավելի քան 10-ը տարի է, ինչ «ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան»–ը համագործակցում է վերոնշյալ ընկերությունների հետ վարկավորման, ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և արտաքին առևտրի ֆինանսավորման ոլորտներում: Այսպես, 2010 թվականի արդյունքներով «Կարկոմավտո» ՍՊԸ-ն ճանաչվել էր «ԷյչԷսԲիՍի Բանկ Հայաստան»–ի լավագույն հաճախորդը «Գլխավոր գործադիր տնօրենի ընտրություն» անվանակարգում, իսկ 2009-ի արդյունքներով` լավագույն հաճախորդը` «Բանկային երաշխիքներ» անվանակարգում:

Share